Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության  նորանշանակ ղեկավար Էրվե Սարնելին, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Էրվե Սարնելիին Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության  ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել նրան գործնական հաջողություններ: Ներկայացնելով ֆրանսիական քաղաքների եւ ընկերությունների հետ Երեւանի քաղաքապետարանի համագործակցության ծրագրերը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկուստեք հաջողված փոխգործակցության արդյունքում այսօր Երեւանում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. «Պետք է հետեւողականորեն շարունակենք մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները, որպեսզի կարողանանք ապահովել անխափան եւ որակյալ ջրամատակարարում»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Անրի Ռենոն նախ կարեւորել է ֆրանսիական քաղաքների հետ փոխգործակցության ընդլայմանն ուղղված Երեւանի քաղաքապետի ակտիվ գործունեությունը եւ ընդգծել, որ անցնող տարին իսկապես հաջողված ու հագեցած էր նաեւ փոխայցելությունների առումով:

Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության  նորանշանակ ղեկավարն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի այսուհետ եւս համագործակցությունը լինի հաջողված ու արդյունավետ. «Ծանոթանալով կատարած աշխատանքին արդեն իսկ կարող եմ վստահորեն ասել, որ Երեւանի քաղաքապետարանն  իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար եւ մենք մեծ պատրաստակամությամբ կշարունակենք համատեղ փոխգործակցությունը»,- ընդգծել է Էրվե Սարնելին:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաեւ Ֆրանսիայի  Հանրապետության  կառավարության  աջակցությամբ իրականացվող Երեւանի  ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական  աջակցության ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր: Ըստ այդմ կիրականացվի «Աէրացիա» կայանի  վերակառուցման նախագծում, ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի արդիականացման, ջրամիացումների առանձնացման եւ մայր ջրատարների վերակառուցման նախագծման եւ շինարարական աշխատանքներ: Կիրականացվի նաեւ ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ ծրագրի նախագծում: