Ռուսական կողմին գազաի առաքման համար «Հայռուսգազարդի» 300 մլն դոլար պարտքը Հայաստանի արտաքին պարտք չէ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ նախարարը հայտարարել էր, թե 2011թ. ապրիլից մինչ օրս Հայաստանը գազ ստացել է ավելի պակաս գնով, քան «Գազպրոմը» պատրաստվում էր նշանակել: Անվանական 180 դոլարի եւ իրական 270 դոլարի միջեւ տարբերությունն էլ, ըստ Մովսիսյանի, կազմել է 300 մլն դոլարը, որ Հայաստանն ու Ռուսաստանը որոշել են կիսել:

Հարցին, թե ինչու է կառավարությունն իր վրա վերցրել պարտքի 50 տոկոսը, եթե տիրապետում էր ընդամենը 20 տոկոս բաժնեմասի, նախարարը պատասխանել է. «Դա մեր սպառողների պարտքն էր, որ մենք որոշեցինք մասնակի մեզ վրա վերցնել՝ բնակչությանն աջակցելու համար: Բայց դա Հայաստանի կառավարության պարտքը չէ»: Ուստի եւ, ըստ նախարարի, այդ պարտքը չի երեւացել Հայաստանի արտաքին վճարային բալանսում: