Աշխարհի 145 երկրների շարքում Հայաստանը  Forbes-ի՝ «2013թ.-ի լավագույն երկրները բիզնեսի համար» վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը: Forbes-ի վարկանիշային աղյուսակի համաձայն, որը ներկայացված է պարբերականi պաշտոնական կայքում, Հայաստանի ՀՆԱ աճը 2012թ.-ին կազմել է 7.2 տոկոս, գնաճը՝ 2.6 տոկոս, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը 3400 դոլար է կազմել, իսկ գործազրկության մակարդակը՝ 7 տոկոս:

Բիզնեսի վարման 2013թ.-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իռլանդիան: Այնուհետեւ անցյալ տարվա առաջատար Նոր Զելանդիան է, հետո Հոնկոնգը: Լավագույն տասնյակում են Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Կանադան, Նորվեգիան ու Նիդերլանդները:

Հետխորհրդային երկրներից (չհաշված բալթյան պետությունները)  վարկանիշային աղյուսակում ամենաբարձր հորիզոնականում Վրաստանն է՝ 55-րդ հորիզոնական: Այնուհետեւ Ադրբեջանն է (67-րդ հորիզոնական), Ղազախստանը (70), Մոլդովան (88), Ռուսաստանը (91), Ուկրաինան (99), Ղըրղըզստանը (109):

Ընդհանուր առմամբ Forbes-ը վերլուծել է աշխարհի 145 պետություններ 11 չափանիշների համաձայն, որոնք կարեւոր են բիզնեսով զբաղվելու համար, ինչպես օրինակ քաղաքացիների անձնական ազատություններ, սեփականության իրավունքի ու ներդրումների պաշտպանվածության մակարդակ, գների կայունություն, ապրանքների ու ծառայությունների ներկրման ու արտահանման համար խոչընդոտների առկայություն, նորամուծությունների կիրառում, բիզնեսի վրա պետության ազդեցության մակարդակը, տեխնոլոգիաների զարգացման մակարդակը, կոռուպցիան, հարկային բեռն ու բաժնետոմսերի շուկայի դրությունը:

Տվյալները հավաքվել են ըստ հետեւյալ հետազոտական կազմակերպությունների՝ Freedom House, Heritage Foundation, Property Rights Alliance, Transparency International, Համաշխարհային բանկ ու Համաշխարհային տնտեսական ֆորում(ՀՏՖ):