«Անելիք» բանկի աշխատակիցները սխալ են ընկալել կենսաթոշակային բարեփոխումների առնչությամբ կատարված ստորագրահավաքի բուն էությունը, քանի որ հասկանալով կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունը, իրենց կողմից անտրամաբանական կլիներ հանդես գալ դրանց դեմ: Այս մասին նշված է NEWS.am-ի խմբագրություն նրանց ուղարկած պարզաբանման մեջ:

«Սույն թվականի նոյեմբերի 21-ին կենսաթոշակային բարեփոխումների առնչությամբ կատարված ստորագրահավաքին մասնակցել ենք նաեւ Անելիք Բանկի որոշ աշխատակիցներս: Միանալով ստորագրահավաքին մենք, որպես ֆինանսաբանկային համակարգի աշխատակիցներ, փորձել ենք նպաստել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հանրային լայն քննարկումների անցկացմանը, ինչը հնարավորություն կտար մեր հանրությանն ավելի լավ տեղեկանալ այդ համակարգի առավելություններին:

Տեղի է ունեցել թյուրըմբռնում եւ մեր կողմից սխալ է ընկալվել ստորագրահավաքի բուն էությունը, քանի որ հասկանալով կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունը, մեր կողմից անտրամաբանական կլիներ հանդես գալ դրանց դեմ: Մենք հիմա էլ կարծում ենք, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը դրական իրողություն է եւ ֆինանսական ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցչիս պարտքն է իրազեկել այդ մասին հանրության լայն շերտերին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող ՏՏ ոլորտի մասնագետների` դեկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի տակ ստորագրել են «Անելիք» բանկի 68, «Ֆինքա» ՈՒՎԿ-ի 21, ԵՊՀ-ի 91, Գերմանիայի դեսպանատան 24, ԹՈՒՄՈ-ի 71 եւ «Օրանժ Արմենիա»-ի 261 աշխատակիցներ: