Պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարան, ծանոթացել համալսարանի կառուցվածքին եւ մասնագիտություններին, հանդիպել բուհի ղեկավարության հետ եւ քննարկել հայկական բուհերի հետ համագործակցության հնարավորությունը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Աշոտյանը, ընդգծելով, որ սլովական կողմի հետ գիտակրթական համագործակցությունն ընդլայնելու մասին համաձայնագիր է ստորագրվել, նշել է, որ համալսարանը կարող է հայկական բուհերի հետ համագործակցել ինչպես բժշկական, այնպես էլ հումանիտար մասնագիտությունների գծով: Աշոտյանը նաեւ հանդիպել է ուսանողների հետ եւ հանդես եկել զեկույց-դասախոսությամբ:

Նախարարն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը եւ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում նրա ունեցած ավանդին:  Այնուհետեւ ներկայացրել է ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները:

Աշոտյանն անդրադարձել է Բոլոնյան գործընթացի շրջանակում  հայ-սլովական գիտակրթական համագործակցության հնարավորությանը: Նախարարը նաեւ պատասխանել է ուսանողների հարցերին:

Հայ համայնքի խնդիրների առնչությամբ Աշոտյանը խոստացել է աջակցել Բրատիսլավայում հայկական դպրոց բացելու նախաձեռնությանը, որտեղ կուսուցանվի հայոց լեզուն, պատմությունը եւ մշակույթը:

Նախարարն ընդգծել է, որ ԿԳՆ-ն պատրաստ է դպրոցին ապահովել դասագրքերով եւ կրթամեթոդաբանական նյութերով, ինչպես նաեւ ուսուցիչների վերապատրաստում կազմակերպել: