«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի տվյալներով, մոտ 950 անհետ կորած բնակիչներ եւ գերիներ կան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ տվյալներն ընդգրկում են ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ, թե արցախաբնակ, թե հայաստանաբնակ անհայտ կորած անձանց: Լարիսա Ալավերդյանը հստակեցրեց, որ նրանցից ավելի քան 500-ը 1992թ-ին Մարտակերտի գործողությունների ընթացքում են անհետ կորել, երբ ադրբեջանցիները հարձակվել էին խաղաղ բնակչության վրա եւ գերեւարել տարեց, հիվանդ, անչափահաս երեխաներին:
«1993թ-ին նրանցից վերադարձել է 19-ը: Իսկ մնացյալը մեր ցուցակներում մնացել են անհայտ կորածներ»,- պատմեց Լարիսա Ալավերդյանը եւ ավելացրեց, որ անցյալ տարի 2 անգամ տարբեր ցուցակներով 99 հոգի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրենց գտնվելու վայրի մասին ինչ-որ չափով տեղեկություն են փոխանցել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ աշխատանքներ են տարվում նրանց հետ բերելու ուղղությամբ, Ալավերդյանն ասաց. «Անշուշտ այդ աշխատանքները տարվում են հիմնականում բանակի, Ազգային անվտանգության ծառայության եւ այլ մարմինների կողմից»:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի տվյալներով 90-ական թվականներից հետո, ոչ պակաս քան 1200 մարդ վերադարձվել է Հայաստան եւ գրեթե երկու անգամ ավելի շատ մարդ վերադարձվել Ադրբեջանին: Ի դեպ, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի ուժերով փնտրվել եւ գտնվել են ու կազմակերպությունը նպաստել են 20 անչափահաս երեխաների վերադարձին:





























