Հայկանա սարքաշինության արտադրանքը ավելի հեշտությամբ գնորդ կգտնի Մաքսային միության շուկայում, քան Եվրոպայում: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ա-2» ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արկադի Խիտարովը: «Պետք է ավելի իրատես լինել. Եվրոպան շուկա է, որտեղ մեր բնագավառի համար բավական դժվար է տեղ գտնել: Իսկ Մաքսային միության անդամ երկրներում մեր արտադրանքն ավելի պահանջված կլինի, առավել եւս, որ դրա մասին հիշում են դեռ խորհրդային ժամանակներից»,- նշել է Խիտարովը:
Նա նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է ոչ միայն հիմնական շուկաներից մեկը, այլ նաեւ հումքի մատակարար է: Այստեղ, հավելել է նա, կարեւոր դեր կխաղա մաքսային սահմանափակումների վերացումը: «Եթե մեր միջեւ մաքսային սահման չլինի, հեշտ կլինի աշխատել էլեկտրոնիկայի ռուս մատակարարների հետ: Փոքր ծավալով արտահանումները նրանց համար շահավետ չեն՝ մաքսային ծառայության հետ բարդությունների ու ապահովումների պատճառով»,- նշել է Խիտարովը:
Նշենք, որ հայկական սարքաշինության համար արտահանման հիմնական շուկան մերձավոր արտասահմանն է: Այսպես, գազի հաշվիչների կարգավորիչները արտահանվում են Բելառուս եւ Ուկրաինա, ավտոմատների մոտ կեսը՝ Ռուսաստան, ինչպես նաեւ օսցիլոդիտակների եւ ռենտգենյան ճառագայթների փոփոխման սարքավորումների մեծ մասը:




























