Պետական եկամուտների կոմիտեն 2013-ի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել փաստաթղթաշրջանառության նկատմամբ իրականացվող հսկողական աշխատանքներին, ինչի արդյունքում դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների քանակը նախորդ տարվա համեմատ զգալի աճ է արձանագրել:

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե, ամփոփելով 2013-ի նոյեմբեր ամսվա արդյունքները, ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության կազմակերպական եւ տեղեկատվական բաժնի պետ Աշոտ Զաքարյանը նշել է, որ մատակարարները դուրս են գրել գնորդի կողմից հաստատված եւ վավերացված 708428 էլեկտրոնային հարկային հաշիվ, օրական ցուցանիշով` միջինը 23614 հատ: 2012-ի նույն ժամանակաշրջանում դուրս գրված հաշիվները կազմել են 582320 կամ օրական միջինը` 19410 հատ: 2013-ի նոյեմբերին դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվների քանակը 2012-ի նոյեմբերի համեմատ ավելացել է 126000-ով, իսկ միջին օրական դուրս գրված հաշիվների  քանակը` 4200-ով:

2013թ.-ի նոյեմբեր ամսին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  հայտնաբերվել է շուրջ 121մլն դրամի առանց փաստաթղթերի  ապրանքների  առաքման կամ տեղափոխման 292 դեպք, արդյունքում  կազմվել է 256 վարչական ակտ` մոտ 90մլն դրամ գումարով: Նոյեմբերի  առաջին երկու տասնօրյակներում յուրաքանչյուր օր միջինը հայտնաբերվել է 6 խախտում, 3-րդ տասնօրյակում` արդեն 16, ինչից կարելի է հետեւություն անել, որ  Ամանորի տոներին ընդառաջ հիմնականում  սննդամթերք ներմուծող  եւ արտադրող տնտեսվարողները սկսել են մանրածախ  առեւտուր իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին  (հատկապես շրջանառության հարկով աշխատող) անփաստաթուղթ ապրանք առաքել թաքցնելով  իրացման իրական ծավալները: ՊԵԿ-ը տնտեսվարողներին եւս մեկ անգամ հորդորում է.  պահպանել փաստաթղթաշրջանառությանը վերաբերող  օրենքների պահանջները: Աշոտ Զաքարյանի խոսքերով, ավելի խիստ հսկողություն կիրականացվի առանց ուղեկցող փաստաթղթերի կամ սահմանված կարգի խախտումով դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվներով  ապրանքներ առաքելու կամ տեղափոխելու  դեպքերի բացահայտման ուղղությամբ: ՕՀ վարչության աշխատակիցների համար  աշխատանքային  ժամերից բացի, շաբաթ եւ կիրակի օրերը կհայտարարվեն աշխատանքային` խախտման դեպքերը բացահայտելու համար: Ըստ Աշոտ Զաքարյանի, անփաստաթուղթ  ապրանքներ հայտնաբերելու նպատակով լայնածավալ միջոցառումներ կիրականացվեն մանրածախ առեւտուր իրականացնող տնտեսվարողների մոտ, որոնց մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում շրջանառության հարկով հարկվողները, եւ ովքեր համարվում են ապրանքների առաքման, տեղափոխման  եւ իրացման  շղթայի վերջին օղակը: