ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի զինվորների եւ սերժանտների հաշվառման բաժանմունքի պետ 34-ամյա Էդմոն Ս.-ն մեղադրվում է կորցրած զինվորական գրքույկի կրկնօրինակն իր լիազորությունների շրջանակում սեղմ ժամկետում տրամադրելու համար քաղաքացուց 50 հազար դրամ պահանջելու եւ ստանալու մեջ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Էդմոն Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի զինվորների եւ սերժանտների հաշվառման բաժանմունքի պետի պաշտոնը, կոչումով մայոր, Արմավիրի մարզի Նոր-Արտագերս գյուղի բնակիչ Գարեգին Ա.-ին կորցրած զինվորական գրքույկի կրկնօրինակն իր լիազորությունների շրջանակում սեղմ ժամկետում տրամադրելու համար, 2013թ. հոկտեմբերի 9-ին իր աշխատասենյակում վերջինից անձամբ պահանջել է 30 հազար ՀՀ դրամ գումար:
Հետո 2013թ. հոկտեմբերի 14-ին Արմավիրի զինկոմիսարիատի հերթապահ մասի սենյակում Գարեգին Ա.-ից ստացել է 20 հազար ՀՀ դրամ գումար: Այսպիսով` Էդմոն Ս.-ն կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 311 հոդ. 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 6-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























