Փոքր տարածք ունեցող Հայաստանում  գների տարբերությունը սկզբունքորեն շոշափելի չպետք է լինի. մայրաքաղաքից որեւէ հեռավոր կետ ուղեւորությունը տեւում է մի քանի ժամ: Հետեւաբար, ապրանքների փոխադրումների արժեքը առանձնապես բարձր չպետք է լինի: Հետեւաբար, մանրածախ գների մեծ տարբերությունը մտորելու տեղիք է տալիս:

Պաշտոնական վիճակագրությունը ամսական տվյալներ է  տրամադրում գների վերաբերյալ հանրապետության մայրաքաղաքում եւ 11 քաղաքներում: Հիմնվելով այս տեղեկատվության վրա՝ մենք կարող ենք հաշվարկել մարզերի քաղաքներում միջին թվաբանական գները, ու համեմատել դրանք մայրաքաղաքի հետ: Օրինակի համար ընտրենք ապրանքներ, որոնց հումքը կամ արտադրության ռեսուրսները ներմուծմվում են:

Այսպես, բարձրակարգ տեսակի ալյուրի միջին գները մայրաքաղաքում, գրեթե մեկուկես անգամ բարձր են, քան մարզերի քաղաքներում. բարձրակարգ տեսակի հացը`11 տոկոսով, մակարոնեղենը՝ 31 տոկոսով: Եգիպտացորենի ձեթը մայրաքաղաքում միջինը 25 տոկոսով ավելի թանկ է, իսկ զեյթունինը՝ 14 տոկոսով:  Ճիշտ նույն իրավիճակն է սուրճի եւ կակաոյի դեպքում. երեւանյան միջին գները համապատասխանաբար 22 եւ 14 տոկոսով ավելի բարձր են, քան մարզերի քաղաքներում:

Ձկան պահածոն, իհարկե, առաջին անհրաժեշտության ապրանք չէ, բայց տեսականու պարզությունը  ճիշտ համեմատության հնարավորություն է տալիս: 250 գրամ քաշով «տոմատի սոուսով շպրոտը» մայրաքաղաքում 38 տոկոսով ավելի թանկ է, քան մարզում, 160 գրամ քաշով «Շպրոտը»՝ 8 տոկոսով: Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկրվող պարենամթերքից  միայն շաքարավազն է Երեւանում ավելի էժան, այն էլ ընդամենը 2 տոկոսով:

Տեսականորեն գները պայմանավորում է «առաջարկի եւ պահանջարկի» համահարաբերակցությունը: Բայց այս գործընթացի օբյեկտիվությունը  միշտ չէ, որ հուսալի է: Ի վերջո, շատ այլ գործոններ են ազդում գնագոյացման մեխանիզմի վրա: Ամենանշանակալին շուկաների մենաշնորհայնացումն է, որտեղ հնարավոր է սահմանել ցանկացած գին:

«Մենաշնորհատեր» տերմինը հաճախ ընկալվում է որպես շատ խոշոր առեւտրային ընկերություն: Իրականում, մենաշնորհատեր կարող է լինել փոքրիկ խանութը: Ընդ որում ոչ միայն հեռավոր գյուղում, այլ նաեւ մայրաքաղաքում, եթե մեկ այլ նման օբյեկտի ծառայություններից նպատակահարմար չէ օգտվել:

Օրինակ, ինչ-որ բակային խանութում տվյալ ապրանքը մի քանի դրամ ավելի էժան է, քան մյուսներում, սակայն այն հեռու է գտնվում, ու գնորդը ծախսելու է տրանսպորտի վրա, ուստի ստացվում է, որ նա այլընտրանք չունի, եւ նա ստիպված է լինում տվյալ ապրանքի համար ավելի թանկ վճարել:

Սննդամթերքի մանրածախ առեւտրի կազմակերպման ժամանակ բաշխման ծախսերի կրճատման առումով առավել հարմար են  սուպերմարկետները: Վերջիններս մայրաքաղաքում իրենց արժանի տեղն են զբաղեցրել եւ նրանց թիվը կայուն աճում է: Ինչ-որ չափով սուպերմարկետները կարող են ցածր գին ապահովել: Սակայն դատելով վերոնշյալից՝ այս գործառույթը լիարժեք չի իրականացվում...

Սմբատ Գրիգորյան