2013թ.-ի 10 ամիսների ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկները մեծամասամբ Հայաստանից էին: 2012թ.-ի համեմատ, հայ զբոսաշրջիկների թիվն աճել է 41 տոկոսով ու կազմել է 1,046,606 մարդ:

Ընդհանուր առմամբ 2013թ.-ի 10 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 4,556,110 մարդ: Ինչպես հաղորդում է The Financial-ը, Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ներկայացուցչի խոսքով, իրենք ակնկալում են զբոսաշրջիկների թվի 100 տոկոսանոց աճ: Նախորդ տարվա համեմատ 2013թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ուկրաինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 67 տոկոսով:

«Անցյալ տարի Վրաստան էր եկել 70 հազար ուկրաինացի, այս տարի ակնկալում ենք 120-130 հազար»,- հայտարարել է Գեորգի Սիգուան:

Վարչության փորձագետները պատրաստվում են գովազդային ակցիաներ անցկացնել Ուկրաինայի քաղաքներում եւ աշխատելու են Վրաստանի քաղաքներ նոր ուղերթների բացման ուղղությամբ: Տուրօպերատորների խոսքով՝ ուկրաինացի զբոսաշրջիկներին գրավում են տոմսերի, ինչպես նաեւ ձմեռային հանգստավայրերի ցածր գները: