«ՀայՌուսգազարդը» կարող է գնել նաեւ ոչ ռուսական գազ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ թեեւ այժմ «ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ պատկանում է ռուսական «Գազպրոմին», սակայն Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը շարունակում է որոշել կառավարությունը: «ՀայՌուսգազարդի» արտոնագրի պայմաններից մեկի համաձայն՝ այն պետք է ավելի էժան գազ ձեռք բերի, եթե այդպիսին կգտնվի», - նշել է նախարարը: Նա նշել է նաեւ, որ մոտ ապագայում պատրաստվում է հանդիպել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ եւ հստակեցնել, արդյոք Թեհրանը ցանկանում է Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ առաջարկել եւ ինչ պայմաններով: «Ես կապվել եմ պարոն Ռեիսիի հետ, մամուլի առջեւ ունեցած ելույթից անմիջապես հետո: Դրանից հետո նա մեկնեց Իրան, եւ նրա ժամանումից հետ մտադիր եմ հանդիպել նրան», - հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանը կարող է բարեկամ երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին, ավելի արտոնյալ պայմաններով գազ մատակարարել, իսկ մանրամասները կարելի է հստակեցնել բանակցությունների ընթացքում:
Այնուամենայնիվ, նախարարը հավելել է, որ իրանական կողմը ռուսականից էժան գին չի առաջարկել: «2010թ. - ին Իրանի գազի ազգային ընկերությունը մեզ հայտնեց, որ փոխանակման սխեման ՝ 3 կՎտ ժամ էլեկտրաէներգիան 1 խմ գազի դիմաց, այլեւս ձեռնտու չէ իրենց, եւ առաջարկեց մեծացնել այն 1-ից մինչեւ 5: Տեխնիկապես իրականացնել դա անհնար էր, ինչը հասկանում էին նաեւ մեր գործընկերները: Մեկ տարում, մինչեւ 2012թ. մայիս, ես հինգ հանդիպում եմ ունեցել Իրանում բարձր մակարդակում, այդ թվում արտաքին գործերի նախարարի, նավթի եւ գազի նախարարի, փոխնախարարի, նույն ինքը Իրանի գազի ազգային ընկերության ղեկավարի հետ: Նրանք ասում էին, որ Իրանը մեծ հաճույքով դուրս կգար «1-ը 3-ի դիմաց» ռեժիմից ու գազը կվաճառեր փողի դիմաց: Իսկ Հայաստանի հետ այլ սկզբունքներով աշխատանքը, ինչպիսիք որ մյուս հարեւանների դեպքում է, կազդեր երկրի արտաքին հեղինակության վրա»,- պարզաբանել է Մովսիսյանը:
Ինչ վերաբերում է դրամական պայմաններին, ապա իրանական կողմը չկարողացավ Հայաստանին 440 դոլարից ցածր գին առաջարկել, ինչը ոչ մի կերպ էժան չի ռուսական 189 դոլարից, նշել է նախարարը: «Իհարկե, մենք կգնենք նրանից, ով ավելի էժան է առաջարկում: Եթե Իրանը ցանկանա Հայաստանի համար հարմար պայմաններով բանակցություններ վարել, մենք պատրաստ ենք»,- հայտարարել է նախարարը:




























