Հայաստանի իշխանությունները գազի գինը պահում էին ոչ 2013թ. նախագահական ընտրությունների համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Գազի գնի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի հետ գաղտնի չէին, հավելել է նա: «Սկսվել էին դրանք 2010թ., երբ մինչեւ նախագահական ընտրություններ դեռ երեք տարի ժամանակ կար»,- հայտարարել է նախարարը:
Այն հարցին , թե ինչու բանակցությունների վերաբերյալ քիչ մանրամասներ էին հայտնի հասարակությանը, նախարարը պատասխանել է: «Դա գաղտնիք չէր, սակայն մանրամասները բացահայտելու համար հարկավոր է երկու կողմերի համաձայնությունը: Սա բանակցությունների կանոնն է: Իսկ դրան պատրաստ չէր ոչ ռուսական, ոչ էլ մեր կողմը, այդ թվում նաեւ այն պատճառով, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը գազը վաճառում է ոչ միայն մեզ: Կային նաեւ այլ հարցեր, որոնք ենթակա չէին հրապարակայնության, բայց վստահորեն կարող եմ ասել, որ ես չէի կարող լինել միակը, ով տիրապետում էր բանակցությունների վերաբերյալ տեղեկատվությանը. չէ որ ես կատարում էի կառավարության հրահանգը՝ գազի գինը նույնը թողնել»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ բանակցությունները հիմնված էին երկու դրույթների վրա: «Առաջին հերթին, պարզ էր, որ գազի գինը չի կարող չբարձրանալ: Երկրորդ, սահմանի վրա հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլարը առավելագույն մակարդակն է, որին կարող է դիմանալ Հայաստանի տնտեսությունը», - նշել է նախարարը: 2011թ.- ից եւ մինչեւ 2012թ.- ի մայիս դե ֆակտո գազի գինը նույնն էր, իսկ 2012թ. - ի մայիսին այս ստատուս քվոն արդեն ամրագրվեց մինչեւ բանակցությունների ավարտը:
Արդյունքում, 2011 թվականից սկսած, երբ գազի գինը ստիպված պետք է բարձրանար, ու մինչեւ դեկտեմբերի սկիզբը, Վլադիմիր Պուտինի այցը, բանակցությունների պաշտոնական ավարտը, Հայաստանը կծախսեր ավելորդ 300 մլն դոլար, եթե վճարեր գազի դիմաց «այն գինը, որը ենթադրվում էր»: «Այդ 300 մլն դոլարի մոտ կեսը մենք վրա ենք վերցնում, մյուս կեսը՝ Ռուսաստանը», - ասել է նախարարը: Հայաստանին պատկանող պարտքը՝ 155 մլն դոլարը, փակվում է «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսանոց փաթեթը:
Նախարարը հերքել է կարծիքն այն մասին, որ գործարքը նվեր էր Ռուսաստանի համար: «Հաշվի առնելով գազի ընթացիկ գինը, ընկերության առավելագույն շահույթը կազմում է տարեկան 35 մլն դոլար: Իրականում այն ավելի քիչ է: Ընկերության արժեքը կարող է որոշվել՝ շահույթը բազմապատկելով 10 անգամ, առավելագույնը 12 տարի ժամկետով: Այսպիսով, հայտարարությունները, որ «ՀայՌուսգազարդի» ակտիվներն արժեն 1 կամ 2 միլիարդ դոլար, հիմքեր չունեն», - հայտարարել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ սահմանի վրա գազի ներկայիս գինը կազմում է 189 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, եւ կողմերը պայմանավորվել են առնվազն 5 տարի չփոխել այն: Այս նպատակով, հավելել է նախարարը, ռուսական կողմը գազի արտահանման մաքս չի գանձելու: «Սա նշանակում է մինչեւ 2018թ.-ը եւս 800 մլն դոլարի խնայողություն մեր երկրի համար», - ասել է նախարարը:




























