2011թ հոկտեմբերի 7-ին քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրած Սաթենիկին գումարի պատճառով չեն կարողացել տեղափոխել արտերկիր՝ բուժման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Նաիրան:

Նա հույս ունի, որ գոնե գարնանը դստերը կկարողանան տանել արտերկիր, իսկ մինչ այդ կփորձի անհրաժեշտ գումարը գտնել:

Այժմ Սաթենիկը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի մասնագետները այցելում են նրան եւ զանազան պրոցեդուրաներ են անում տեղում:

 «Բավականին արդյունք կա, լավ սկսել է քայլել, ձեռքերը վիրահատել են, հիմա աշխատում ենք, որ կարողանա շարժել ձեռքերը, ինքնուրույն կարողանա ինչ-որ բան անել: Գնում ենք առաջ պայքարելով, լավ է լինելու»,- ասաց Նաիրան:

Մայրը նաեւ նշեց, որ ոչ մի առաջընթաց չկա աղջկա ուղեղի աշխատանքի հետ կապված, նա չի խոսում, չի շփվում, չի մտնում կոնտակտի մեջ, եթե հարց են տալիս, պատասխանում է: Իսրայելից անընդհատ զանգահարում են աղջկա ծնողներին՝ հետաքրքրվելու նրա առողջական վիճակով, ուղեղի աշխատանքի հետ կապված այնտեղի մասնագետները կարող են ինչ-որ բաներ անել:

Հիշեցնենք, որ 2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա Սաթենիկ Միրզոյանը տարել է քթի միջնապատի վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս: Աղջիկը 10 տարի հաճախել է լատինամերիկյան պարերի, եւ եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կլիներ պարապմունքների ժամանակ: Կոմայից դուրս գալուց անցել է 1 տարի, բայց նրա առողջական վիճակում չնչին փոփոխություններ են նկատվում: «Այդ 1 տարվա ընթացքում կենտրոնի բժիշկներն արել են իրենց հնարավորության սահմաններում ամեն բան նրա ապաքինման համար, սակայն դեռ կան բազմաթիվ առողջական խնդիրներ, որ խոչընդոտում են Սաթենիկի լիարժեք ապաքինմանը: Սաթենիկի հետ պատահածն ամբողջ աշխարհի մասշտաբով հազվադեպ է պատահում: Նրա վիճակն անհասկանալի է նաեւ բժիշկների համար:

Կենտրոնի բժիշկներն այլեւս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել եւ խորհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որի համար պահանջվում է բավականին մեծ գումար: Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից: Որպես ծնող` խնդրում եմ բոլոր բարերար մարդկանց օգնություն ցուցաբերել Սաթենիկին: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել HSBC բանկի հետեւյալ հաշվեհամարներով:

004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-101 CUA USD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

004-015707-102 CUA EUR MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK»,-ասված է ծնողների հայտարարության մեջ: