Երեւանի ու Ռիգայի միջեւ ձեւավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք այս տարվա հուլիսին կնքված եղբայրացման մասին համաձայնագրով էլ ավելի ամրապնդվեցին, արդեն իսկ լավ հիմք են նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ-ում Լատվիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանում Լատվիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Երեւանի եւ Ռիգայի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն են վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր կետերը եւ իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,- նշել է Տարոն Մարգարյանը։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին, կարեւորելով հայկական կողմի պատրաստակամությունն ու որդեգրած քաղաքականությունը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում եւս ըստ ամենայնի աջակցել երկու մայրաքաղաքների միջեւ առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելուն. «Երեւանի եւ Ռիգայի համագործակցությունն իսկապես կարելի է օրինակելի համարել: Երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված փոխգործակցությունն այսօր ամուր հիմքերի վրա է, եւ ես, պարոն քաղաքապետ, իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու քաղաքների համագործակցության շրջանակը»,- նշել է Էլիտա Գավելեն:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Երեւանի եւ Ռիգայի գործարար շրջանակների միջեւ եւս համագործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ: