Հանրապետությունում երեկ եւ այսօր տեղացած առատ ձյան պատճառով «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը չի խափանվել, ընդամենը մի քանի չվերթներ ուշացումով են վայրէջք կատարել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը նշեց, որ առատ ձյան պատճառով միայն ուշացումներ են եղել: «Երեկ երեկոյան՝ ժամը 23.00-01.00-ն ընկած ժամանակահատվածում, որոշ չվերթներ վայրէջք չեն կատարել, գնացել են պահուստային օդանավակայանում եւ գիշերը՝ ավելի ուշ, կատարել իրենց վայրէջքը ու նորից մեկնել: Եղել են չվերթներ, որոնք վայրէջք կատարել են, դա որոշում է տվյալ ավիաընկերությունը, անձնակազմը: Հետաձգված չվերթներ չունենք»,- ասաց Գեւորգ Աբրահամյանը:

Մամուլի քարտուղարը հավելեց, որ օդանավակայանը բնականոն աշխատում է, թռիչքուղիները մաքրվում են եւ մշակվում հատուկ նյութերով: