Հարավային Կորեայում չեն բացառում Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքները` ԿԺԴՀ-ի ղեկավարի քեռի Չան Սոն Թհեկին մահապատժի ենթարկելու հետ կապված: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն:

Նախագահը մտավախություն ունի, որ բարձրաստիճան պաշտոնյայի մահապատժից հետո Փհենյանը կփորձի ներքին միասնականության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր ձեռնարկել, այդ թվում` տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով Հյուսիսային Կորեայում վերջին իրադարձությունները` մեզ դեռ անհասկանալի է, թե ինչպես կզարգանա իրավիճակն այդ երկրի շուրջ: Մենք այժմ չենք կարող բացառել արտակարգ դրության ծագման հավանականությունը` այդ թվում լկտի սադրանքների», - ընդգծել է Պակ Կին Հեն իր ավագ քարտուղարների հետ ժողովի ժամանակ, եւ երկրի բնակչությանը կոչ է արել պատրաստ լինել նոր սադրանքներին:

Նախագահը չի բացառել նաեւ հարավցիների միասնականության պառակտմանն ուղղված ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր գործողությունները: Այդ կապակցությամբ` Հարավային Կորեայի ուժային գերատեսչությունները պետք է  ավելի միասնական լինեն, նշել է Պակ Կին Հեն: