NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին այս անգամ պատասխանել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Որտե՞ղ եք անցկացնում Ամանորը եւ ո՞ւմ հետ:
Ամանորը անց եմ կացնելու մեր գյուղում՝ Ճարտարում, իմ ընտանիքի հետ:
Ի՞նչ նվեր եք ուզել Ձմեռ պապից:
Ես ինձ համար նվերներ չեմ ուզում, թոռնիկներիս համար եմ ուզում:
Իսկ դուք Ձմեռ պապի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:
Երկուսին էլ:
Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել Ձեր տանը:
Մենք ղարաբաղցիներ ենք, մեր գյուղական ձեւերով ենք անցկացնում, Ձյունանուշիկին ես պատկերացնում եմ մի շատ սիրուն աղջիկ:
Գուցե ինչ-որ հայտնի հոլիվուդյան դերասանուհո՞ւ եք ցանկանում տեսնել:
Աղջիկ ջան, իմ տարիքն արդեն անցել է, որ ուզենամ դերասանուհու տեսնել, իմ թոռնուհուն:
Ամանորի ձեր սեղանի ծախսը քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:
Գյուղում եմ անցկացնում, համարյա ծախս չեմ անում:
Եթե Ձեր ցանկությունը կատարելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ էիք երգելու:
Եթե կարողանայի, «Հայի աչքերը» կերգեի, բայց դժբախտաբար «սլուխ» չունեմ:
Ամանորին հանրության հայտնի մարդկանցից առաջինը ո՞ւմ եք զանգում:
Գյուղում կապերը այդքան էլ լավ չէ, ընկերներիս եմ զանգում, որոնք հանրությանը հայտնի մարդիկ են:
Ամանորի գիշերը քանի՞ շիշ կարող եք խմել:
3 բաժակ թթի օղի եմ խմում, ես գինի չեմ օգտագործում, որ լիտրերով խմեմ:
Առաջինը ո՞ւմ կենացն եք խմում, իսկ վերջինը հիշո՞ւմ եք:
Առաջինը մեր պետականության եւ ղեկավարի կենացն եմ խմում: Նախագահի կենացը պարտադիր խմում եմ՝ իր ընտանիքի, տիկնոջ, երեխաների, թոռների, որովհետեւ նախագահի հետ ես երկար ճանապարհ եմ անցել եւ համարում եմ իմ լավագույն բարեկամներից մեկը:
Ի՞նչ կենդանու եք Ձեզ նմանեցնում եւ ինչո՞ւ:
Շան տարում եմ ծնվել, շուն սիրում եմ, շանն էլ նմանեցնում եմ ինձ հավատարմությամբ: Իմ ամենագլխավոր հատկանիշը հավատարմությունն է, ես կյանքում միշտ հավատարիմ եմ եղել, անգամ՝ կնոջս:
Ինգա Մարտինյան





























