Բաքվում արդարացրել են «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալլիին, որը մեղադրվում էր Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» գրքի հրատարակման համար։ Քրեական գործը հարուցվել էր Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության կողմից, որը վերջինիս մեղադրել էր ազգային, ռասայական, կրոնական երկպառակություն սերմանելու համար (հոդված 283.1)։ Դատավորը արդարացրել է լրագրողին եւ չեղյալ է հայտարարել նրա երկրից դուրս գալու արգելքը։
Լրագրողին հետեւելը սկսվել է 2004 թվականից։ Հրատարակչություններից մեկը Զեյնալլիի պատվերով տպագրել է «Mein Kampf»-ի 100 օրինակ։ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը առգրավել էր այդ գրքի մոտավորապես 50 պատճեներ, իսկ լրագրողը ձերբակալվել էր։ Սակայն, Ադրբեջանում սկանդալային գիրք հրատարակելու առնչությամբ արգելող օրենք չկա եւ լրագրողը ազատ էր արձակվել։
2007 թվականի մայիսին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները «Խուրալ» թերթի խբմագրությունում գիշերային խուզարկություն են անցկացրել եւ կրկին առգրավել են «Mein Kampf» գրքի օրինակներ, ինչպես նաեւ Ադոլֆ Հիտլերի կյանքի ու գործունեության մասին եռհատորյակը։ Լրագրողի դեմ քրեական գործ էր հարուցվել միայն մեկ տարի անց՝ հիմնվելով Բաքվում Իսրայելի դեսպանատան եւ լեռնային հրեաների համայնքի դիմումի վրա, որոնց կարծիքով «Mein Kampf»-ի ադրբեջանական լեզվով թարգմանությունը դիտարկվում է որպես Հիտլերին համակրանք։ Սակայն այս անգամ էլ Ավազ Զեյնալլիին արդարացրել են։




























