Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի հանրապետություն ներկրկվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտներին: Այդ մասին NEWS.am-֊ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը՝ մեկնաբանելով նախօրեին խորհրդարանում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը:

«Նշված ստանդարտի համաձայն՝ սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր գազի ջերմատվությունը չի կարող ցածր լինել 7600 Կկալ-ից: Հայաստանին մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը 1 խմ-ում երբեք 8000 ԿԿալ-ից ցածր չի եղել: «Հայռուսգազարդը» բազմաթիվ անգամներ հայտարարել է եւ հայտարարում է, որ պատրաստ է շահագրգիռ կողմերի առաջարկությամբ եւ մասնակցությամբ գազի որակական հատկանիշների հետազոտություն անցկացնել՝ իր շարժական լաբորատորիաների միջոցով ցանկացած ժամանակ, եւ ցանկացած հասցեում»,- նշեց Շուշան Սարդարյանը եւ հավելեց, թե բոլոր այն սուբյեկտները, որոնք ուզում են ստուգել գազի որակական հատկանիշները, կարող են անձամբ ձեռք բերել կալորիամետրեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, դեկտեմբերի 17-ին ԱԺ-ում ներկայացնելով Ռուսաստանի հետ առանց տուրքերի առեւտրի ու Հայաստան ներմուծվող գազի գնագոյացման մասին համաձայնագիր, ասել էր, թե սպառողները կկարողանան չափել «ՀայՌուսգազարդի» գազի կալորիականությունը: Նա հերքել էր հայտարարություններն այն  մասին, որ սպառողներին տրամադրվող գազին օդ են խառնում: «Դա անհնար է, քանի որ խոսքը թթվածնի մասին է, իսկ թթվածինը պայթյուն է»,-պարզաբանել է նախարարը:

Հիշեցնենք, որ հայ սպառողներին մատակարարվող գազի կալորիականությունը չպետք է 7600 Կկալ/խմ-ից ցածր լինի: