Հայաստանի կառավարությունը որոշել է «Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական եւ տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: 

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին հանձնարարել է լրատվամիջոցներով պարզաբանում տալ այս նախագծի վերաբերյալ: «Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, - ասել է վարչապետը: - Պետք է հրավիրել նաեւ շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:

Փոփոխություններ եւ լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի եւ Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ մարզերում ապօրինի հորերի լուծարման եւ կոնսերվացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացված գումարի եւ գնման գործընթացի կազմակերպումը եւ կբարձրանա ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: