Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հանդիպել է Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնող  միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ապակենտրոնացման եւ տարածքային զարգացման ոլորտներում  համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության, Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ Եվրամիության եւ Եվրախորհրդի  հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին` ոլորտի նկատմամբ հետեւողական ուշադրության եւ ցուցաբերվող աջակցության համար: Նա տեղեկություններ է ներկայացրել վարչատարածքային բարեփոխումների,  դրանց իրականացման սկզբունքների եւ մեխանիզմների մասին: 

Քննարկվել են իրականացվելիք բարեփոխումների հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է ռեսուրսների  համակարգումն ու դրանց` նախատեսվող բարեփոխումների ուղղություններին համապատասխան օգտագործումը: