Գազի մասին Ռուսաստանի հետ պայմանագրում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ իրավունքներ ունի «Հայ Ռուսգազարդի» հետ հարաբերություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ պետաիրավական հանժնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Նա ուշադրություն է դարձրել այն բանին, որ պայմանագրերի նախագծերի համաձայն, «ՀայՌուսգազարդի» ծախսերի սկզբնական տվյալներում պետք է լինի ընկերության տարեկան բյուջեն, իսկ ներդրումները գազաբաշխիչ ցանցում, պետք է հաստատվեն ընկերության հավանությամբ: Սակայն ոչինչ չկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դերի մասին, որն իրավունք կունենար կարգավորեր «ՀայՌուսգազարդի» աշխատանքը, որպես բնական մենաշնորհ ունեցող կազմակերպություն:

«ՀայՌուսգազարդի» սակագինը պետք է հաստատի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որն էլ հենց պետք է որոշի, թե օպերատորի որ ծախսերն են արդարացված եւ կարող են ընդգրկվել սակագնում, իսկ որոնք՝ ոչ: Սակայն իմ կարդացած պայմանագրում ես չտեսա Հանձնաժողովի հետ սակագնի համաձայնեցման դրույթներ: Օրինակ «ՀայՌուսգազարդը» կարող է բարձրացնել իր աշխատակազմի աշխատավարձը՝ հասցնելով «Գազպրոմի» աշխատակազմի մակարդակին: Իսկ կարո՞ղ է այդ ծախսերը ներառել գազի սակագնում»,-հայտարարել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրումնշվում է, որ սակագինը հաշվարկվելու է կարգավորող մարմնի մեթոդոլոգիայով՝ հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը եւ այլ օրենքներ: «Բայց վերջում նշվում է՝ «հաշվի առնելով այս պայմանագրի պայմանները եւ դրույթները»: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ պայմաններ են դրանք եւ ինչպես են առնչվելու սպառողների ու բիզնեսի շահերին»,-ամփոփել է Դավիթ Հարությունյանը: