Հայաստանի ԱԺ-ն ստացել է «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին օրինագծերի փաթեթը: Օրինագծերը կառավարությունը հավանության էր արժանացրել դեկտեմբերի 19-ին: ԱԺ արտահերթ նիստում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ փոփոխություններ են առաջարկվում «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» եւ «2013-ի պետական բյուջեի մասին» օրենքներում:
Ըստ գործող օրենսդրության, պետական ընկերությունների բաժնետոմսերի վաճառքից ստացվող գումարի 30 տոկոսն ուղղվում է այն համայնքի բյուջե, որտեղ գտնվում է այդ ձեռնարկությունը: Օրինագծերի փաթեթն առաջարկում է բացառություն անել «ՀայՌուսգազադրի» 20 տոկոս բաժնետոմսերի դեպքում: Ստացված միջոցները կուղղվեն պետբյուջե, ապա կտրվեն «ՀայՌուսգազարդին» որպես 2011-ի ապրիլից շուկայականից ցածր գնով գազի մատակարարումների դիմաց «Գազպրոմի» պարտքի փոխհատուցում: Ստացված միջոցներով «ՀայՌուսգազարդը» կմոդեռնիզացնի իր ենթակառուցվածքները:
Հիշեցնենք, որ «Գազպրոմին» վաճառված «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը գնահատվել է 63,3 մլրդ դրամ կամ մոտ 156 մլն դոլար: Այդ գործարքից հետո «Հայռուսգազարդն» ամբողջությամբ պատկանում է ռուսական կողմին:




























