Հայաստանի խորհրդարանում քննարկվում է տաքսիով փոխադրումների կազմակերպման մասին օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է Կառավարության «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Եղիազարյանը: Օրինագծերի համաձայն՝ անհատ տաքսիստները կարող են աշխատել ֆիզիկական անձի կարգավիճակով: Լիցենզիա ստանալու համար կարելի է դիմել ոչ միայն Երեւան (Տրանսպորտի եւ կապի նախարարության «մեկ պատուհան» ծառայություն), այլեւ մարզպետարաններ: Դրանից հետո սահմանված ժամկետում վարորդը ինքնասոսնձվող կտրոն է ստանում, որը փակցնում է մեքենայի հետեւից ապակուն: Այդ կտրոնը փոխարինում է նախկին դեղին համարանիշներին: Հանվում է նաեւ ամեն օր բուժզննում անցնելու պահանջը:
Մյուս կողմից՝ անհատ տաքսիստի համար լիցենզիայի տուրքը առաջարկվում է տարեկան 25 հազարից դարձնել 100 հազար դրամ: Այդ գումարը գործում է մինչեւ 4 մեքենա ունեցողի համար, որից հետո այն դառնում է 200 հազար դրամ (նախկինում 200 հազար դրամ վճարում էին բոլորը, որոնք 1 մեքենայից ավելի ունեն):
Երկրորդ տուրքը վերաբերում է Երեւանի եւ մարզերի տարբերակված մոտեցմանը: Երեւանում ֆիզիկական անձանց համար տուրքը կկազմի 12 հազար դրամ ամսական: Իսկ այլ քաղաքների ու գյուղերի համար կլինի տարբերակված մոտեցում, եւ այդ գումարը կարող է հասնել մինչեւ 4 հազար դրամի:
Արգելվում է մեքենայի սրահում ծխելը, իսկ ապակին կարելի է իջեցնել եւ երաժշտություն միացնել միայն փոխադարձ համաձայնությամբ:




























