Հայաստանի կառավարությունը երբեք չի օգտվել «ՀայՌուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոսից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նիստը նվիրված էր էներգակիրների հարցով Ռուսաստանի հետ միջպետական պայմանագրերին:

Նրա խոսքով՝ կարծիքը, թե «միեւնույն է 20 տոկոսը ոչինչ չի որոշում», սխալ է: «Շատ բան է որոշում: Դու երբեւէ «Գազպրոմից» անկախ աուդիտ պահանջե՞լ եք: Ոչ: Երկրորդ. 80 տոկոսի սեփականատեր ընկերության մասնակցությամբ ցանկացած գործարք չեն կարող իրականանալ առանց ձեր համաձայնության: Դուք նաեւ դա չեք արել»,-հայտարարել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ նախկին 80 տոկոսի դեպքում ռուսական «Գազպրոմը» հայկական կողմին ցանկացած քաղաքականություն էր թելադրում: «Իսկ հիմա Հայաստանն արդեն ամբողջությամբ գտնվում է «Գազպրոմից» կախվածության մեջ»,-հավելել է դաշնակցական պատգամավորը՝ նկատելով, որ «ՀայՌուսգազարդի» արժեքը աուդիտի չի ենթարկվել նախքան բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին հանձնելը:

«Գուցե մեկ այլ ընկերություն կառաջարկեր ոչ թե 155-156 մլն դոլար, կամ 63 մլրդ դրամ, այլ 250 մլրդ դրամ»,-հայտարարել է Մինասյանն ու հավելել, որ վերջապես բաժնետոմսերի վաճառքի որոշումն ընդունվել է առանց խորհրդարանի համաձայնության, խախտելով երկրի Սահմանադրությունը, «Մասնավորեցման մասին» օրենքն ու քաղաքացիական օրենսգիրքը: