Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունների 2-րդ ալիքի մեկնարկը տրվել է։ Հսկողություն է սահմանվել 7 խոշոր գործարարի եւ 2 ընկերության գույքի վրա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս դեկտեմբերի 25-ին դատավոր Սուլեյման Քարաչոլի կողմից որոշում էր կայացրել հետաքննություն սկսել  «Հանցանք կատարելու նպատակով հանցախումբ ստեղծել եւ ղեկավարել», «Կազմված հանցախմբի անդամ լինել», «Տենդերում խարդախություն անել», «Կաշառք տալ» եւ «պետական, հասարակական գույքը վնասել» մեղադրանքների շրջանակներում։

Հիշյալ պնդումները հերքել է 7 գործարարների մեջ տեղ գտած Մեհմեդ Ջենգիզը՝ շեշտելով, թե իրեն դատարանի որոշում չի հասել եւ տեղյակ չէր նման բաներից։

Նշենք, որ Taraf պարբերականը ավելի վաղ հայտնել էր, թե նոր սկսվելիք գործողության ժամանակ ձերբակալվելու են 5 նախարարությունների 30 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ 100 մլրդ դոլար անօրինական գործարքներ իրականացնելու մեղադրանքով։

Այս խոսակցությունների համատեքստում հայտնի դարձել, որ նոր ձերբակալություններ նախատեսող դոսյեն վերցրել են դատախազ Մուամեր Աքքաշի ձեռքից եւ հանձնել Ստամբուլի դատախազի տեղակալ Օքթայ Էրդողանին։ Մուամեր Աքքաշն էլ ընդդիմացել էր այս որոշմանը եւ հայտարարություն տարածել, որ ասվել էր «Թող բոլոր իմ գործընկերները իմանան, որ որպես դատախազ ինձ արգելել են զբաղվել այն գործի հետաքննությամբ, որն իրականացնում եմ։ Բացի այս, ոստիկանությունը հանցանք է գործել՝ չկատարելով դատարանի որոշումները՝ նպաստելով կասկածյալների փախուստին եւ ապացույցների ոչնչացմանը»,-հայտարարել է դատախազը։