Միասնական արժույթի անցման հարցը չկա մեր օրակարգում, Մաքսային միությանը անդամակցելու օրակարգում, «Ճանապարհային քարտեզում», պայմանագրի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա նշեց, որ ցավոք, Հայաստանը չափից ավելի դոլարիզացված երկիր է, եւ եթե ծանոթանում ենք ՀՀ-ի վարկանիշին, տեսնում ենք, որ թիվ մեկ խոցելի կետը դոլարիզացիայի բարձր մակարդակն է, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձությունները տեղափոխվում են Հայաստան, եւ դոլարիզացիան մեզ համար վտանգավոր է, անհրաժեշտ է դիվերսիֆիկացիայի ենթարկել արտարժույթային գործարքները, որ իրականացնում ենք։ Մասնավորապես, վարչապետը առաջարկում է Ռուսաստանի հետ գործարքները իրականացնել ոչ թե դոլարի, այլ ռուբլու միջոցով, ինչը օբյհկտիվ հիմքեր ունի, դրանք են՝ նախ՝ Ռուսաստանը համար մեկ ներդրողն է Հայաստանում, եւ հետո՝ ապրանքաշրջանառությունը իրականացվում է Ռուսաստանի հետ, ինչը նշանակում է, որ ռուբլի-դրամ գործարքները պետք է իրականացնել։





























