Ես համամիտ չեմ, որ Հայաստանին Ռուսաստանի Կալինինգրադի մարզի ճակատագիրն է սպասվում Մաքսային միություն մտնելուց հետո: Այս մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ դեկտեմբերի 27-ի հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք ընդամենը ուսումնասիրել ենք Կալինինգրադի փորձը, իսկ դրանք տարբեր բաներ են, քանի որ Հայաստանին առաջարկվող մեխանիզմները առայժմ քննարկման փուլում են: Կարծում եմ, որ մեզ կառաջարկվի Կալինինգրադի փորձը պարունակող մեխանիզմ, որը մեզ համար ավելի բարենպաստ կլինի:  Մշակվում է տարանցման սխեմա, ըստ որի Վրաստանն այդ ապրանքը դիտարկելու է որպես տարանցիկ, եւ տարանցման ռեժիմով այն կանցնի սահմանը», - նշել է վարչապետը:

Ըստ Սարգսյանի` ռուսաստանցի մաքսայինները ամբողջությամբ կստանան հայկական մաքսայինների կնիքներով ապրանքները,  Հայաստանի ապրանքները չեն ստուգվի եւ  միանգամից կհայտնվեն ՄՄ-ի տարածքում: «Դրան կհասնենք միջազգային պայմանագրեր ստորագրելու ճանապարհով: Մենք մտադիր ենք առավելագույնս հեշտացնել տարանցման սխեմաները, եւ այդ առումով մենք խնդիր չունենք վրացի գործընկերների հետ»: