Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոռեկտ չի համարում կենսաթոշակային բարեփոխման սահմանադրականության հարցը մեկնաբանելը: Իր կարծիքը վարչապետն արտահայտել է դեկտեմբերի 27-ի մամուլի ասուլիսում:
Հիշեցնելով, որ այս հարցով արդեն համապատասխան դիմում է ուղարկվել ՍԴ, Տիգրան Սարգսյանն առաջարկել է զինվել համբերությամբ եւ սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը:
Օպերատոր հիմնադրամների եւ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հնարավոր կապի մասին ենթադրությունը վարչապետը կտրականապես հերքել է: Ըստ նրա` մեծ երջանկություն կլիներ, որ նման բարձր վարկանիշ ունեցող ֆոնդերը կապ ունենային հայ պաշտոնյաների հետ: Ըստ վարչապետի` կոռուպցիոն ռիսկերի բացակայության մասին վկայում է այն, որ նման ընկերությունները բարձր են գնահատում իրենց վարկանիշը:
«Հակառակ դեպքում, ընկերությունը միանգամից կկորցներ իր հեղինակությունը: Իսկ իրենց հեղինակությամբ նրանք վաստակում են, դա նրանց սրբությունն է», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը գործելու է հունվարի 1-ից:





























