Օտարերկրյա օղակի ներդրումների ծավալը կայուն անկման միտում ունեն վերջին  հինգ տարիների ընթացքում եւ սա լրջագույն պրոբլեմն է որի հետ մենք առնչվում ենք։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Համար մեկ խնդիրը, որ մենք պիտի լուծենք,  վերաբերում է շինարարության ոլորտին։ Ճնշող մեծամասությունը ուղղակի ներդրումների գնում է շինարարական ոլորտ։ Եթե տեղեկատվական դաշտը հանենք, Արմենթել, Վիվասել, Օրանժ, որոնք մեծածավալ ներդրումներ կատարեցին եւ ուղղակի ներդրումների տեսակարար կշիռը այն ներդրումների շնորհիվ, շատ մեծ էր, ապա հիմնական խնդիրը շինարարության ոլորտի ներդրումներն են եւ մասնավոր հատվածի կողմից իրականացվող շինարարական ներդրումներն են, որոնք այսօր էապես նվազել են եւ դա է պատճառը որ շինարարության ոլորտի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում երկու անգամ նվազել է հետճգնաժամային ընթացքում»,-ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ գաղտնիք չէ,  որ շինարարությունն էր հանդիսանում մինչեւ ճգնաժամը տնտեսական աճի հիմնական շարժիչը, եւ մենք հիմա ունենք այդ ֆունդամենտալ պրոբլեմը։ «Պրոբլեմը ինչպե՞ս պետք է լուծենք. տնտեսության դիվերսիֆիկացիայով: Շինարարության փուչիկը, որը Հայաստանում Հանրապետությունում փչվեց եւ պայթեց, իր մեջ պարունակում է հետեւյալ բացասական երեւույթը. տեղի էր ունենում գների աճ՝ տարեկան 15-ից 20 տոկոսով եւ տարբեր ճյուղեր արդյունաբերական դառնում էին ոչ մրցունակ շինարարության հետ եւ ֆինանսական միջոցները արդյունաբերական ճյուղերից դուրս էին բերվում եւ ուղղվում էին շինարարական ոլորտ որովհետեւ եկամտաբերության մակարդակը միայն գների աճի պատճառով չափազանց բարձր էր, ձեռնտու էր փակել գործարանը եւ այդ փողերով գնալ առնել բնակարան եւ այդ բնակարանը մեկ տարի հետո վաճառել։ Այսինքն սպեկուլացիայի էֆեկտը շինարարության ոլորտում շատ մեծ էր»,-ընդգծեց վարչապետը:

Նրա ներկայացմամբ՝ երբ որ այդ փուչիկը պայթեց, այդ ֆինանսական միջոցները հայտնվեցին սեփականատերերի ձեռքում, որոնք որոշում էին կայացնում ինչպես եւ որտեղ ներդրումներ անել։ «Եւ մեր տնտեսության աշխուժացման կարեւոր պրոբլեմը այսօր շինարարության անկումն է, որ այսօր  շարունակվեց 2013 թվականին»,-ասաց նա:

«Լուծման եղանակը հետեւյալն է, մենք պետք է մեր քաղաքացիների փոքրածավալ խնայողությունները կարողանանք ուղղել շինարարության ոլորտ, մասնավորապես բնակարանային շինարաության ոլորտ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան էկոնոմ դասի բնակարաններ ձեռք բերել եւ պետությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ է հատկացնելու 2014 թվականին, որպեսզի հիպոտեկային հիմնադրամները կարողանան երկարաժամկետ էժան վարկեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Դա էլ իր հերթին կստեղծի պահանջարկ բնակարանների շուկայում, իսկ դա էլ հերթին կբերի ներդրումներ բնակարանների շուկայում։

Դեռեւս այդ սպեկուլատիվ պահանջարկի ծավալներին մենք չենք հասել, տարեկան մոտավորապես մասնավոր ներդրումները շինարարության ոլորտում կազմում էին 700 միլիոնից մինչեւ մեկ միլիարդ դոլլար։ Սա լրջագույն շարժիչ է տնտեսական ակտիվության համար։ Հիմա այդ ֆինանսական միջոցները դուրս են եկել այդ շուկայից եւ այս խնդիրը մեզ դեռեւս հետապնդում է»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը: