Ես կարծում եմ օդի ջրի նման Հայաստանում անհրաժեշտ է այլընտրանքը եւ այն հոռետեսությունը, որ կա Հայաստանում, նաեւ պայմանավորված է այդ հանգամանքով, որ այլընտրանքներ մեր ժողովուրդը չի տեսնում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ես անձամբ պատրաստ եմ աջակցելու, որպեսզի հետազոտական կենտրոնները հնարավորություն ունենան իրենց հետազոտական արդյունքները քննարկեն մեզ հետ կառավարությունում, ու մենք միշտ բաց ենք լինելու նաեւ լրատվամիջոցներին հրավիրել այդպիսի քննարկումների, լսել ինչ այլընտրանքային մոտեցումներ են առաջադրվում եւ տնտեսական ոլորտում եւ քաղաքական ոլորտում նույնպես, քանի որ քաղաքագիտությունն էլ լուրջ ոլորտ է ուսումնասիրությունների, այդտեղ էլ այլընտրանքները խիստ անհրաժեշտ են»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ եթե դատենք լրատվամիջոցների տեղեկատվությամբ, նրանց 90 տոկոսը կենտրոնացված է քննադատության վրա, միայն 10 տոկոսն է, որ այլ մոդելների քննարկում է ծավալում: «Եթե այդ հարաբերակցությունը փոքր ինչ փոխվի, մենք բոլորս դրանից կշահենք եւ առաջին հերթին կառավարությունը դրանից կշահի, որովհետեւ դա մեզ կուժեղացնի, դա ակնհայտ է։
Ինչքան էլ մենք լավատես լինենք, մեր կյանքում առկա են բազմաթիվ թերություններ, անհերքելի է այդ պնդումը, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է լինենք լավատես, դա վտանգավոր է, երբ որ մարդը կորցնում է լավատեսությունը, դա կործանարար է»,-ընդգծեց վարչապետը:
Նա հարց տվող լրագրողին պատասխան հարց տվեց, թե. «Դուք չե՞ք ուզում, որ ժողովուրդն ավելի լավատես լինի» եւ դրական պատասխան ստանալով, նշեց, որ լավատեսությունը շատ կարեւոր է:





























