Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» գործողության ժամանակ ձերբակալվեցին նախարարների որդիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ խոշոր գործարարներ: Այս ամենը նկարագրվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ֆեթհուլլահ Գյուլենի հակասություններով, որոնք գագաթնակետին են հասել:  Թե Թուրքիայում, թե դրանից դուրս շատերի մոտ հարց է առաջացել, թե ով է Ֆեթհուլլահ Գյուլենը: Այս հարցը  NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքիայում վերջին 2 ամսվա ընթացքում միջնորդավորված պայքար էր գնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա երբեմնի կրոնական հենքը հանդիսացած Գյուլենի շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի միջեւ: Հակասությունները սրվեցին, երբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որոշում կայացրեց փակել Գյուլենի շարժման հատուկ դպրոցները՝ դերսհանեները:

Գյուլենի շարժան կողմից լուրջ նախահարձակումը սկսվել է այն պահին, երբ իշխող կուսակցության շարքից  դուրս է եկել Հաքան Շուքուրը: Նա հայտարարեց, թե անընդունելի է համարում Ֆեթհուլլահ Գյուլենին ուղղված իր կուսակիցների վիրավորանքները եւ դուրս է գալիս կուսակցությունից: Հենց այս հրաժարականին էլ հաջորդել է դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք գործողությունները, որոնք ամբողջ աշխարհի հայացքը սեւեռեցին Թուրքիայի վրա:

Ֆեթհուլլահ Գյուլենը ծնվել է 1938 թվականին, Էրզրումի Բասենի շրջանի Քորոջուք գյուղում, իմամի ընտանիքում: Նրան տրված ծննդականում նշվել է 1942, իսկ ավելի ուշ այն կրկին փոխել եւ դարձրել են 1941 թվական: Նրան Ղուրանին սկսել են ծանոթացնել դեռեւս 4 տարեկանում, եւ շատ կարճ ժամանակ անց նա անգիր է արել Ղուրանը: Ֆեթհուլլահ Գյուլենը 14 տարեկանում Էրզրումի մեդրեսեներում (հոգեւոր դպրոց) հանդես է եկել իսլամի քարոզներով:  1959-ին Գյուլենը Էրզրումից տեղափոխվել է Էդիռնե, որտեղ մասնակցել է քննության եւ դարձել Ոչշերեֆլի մզկիթի իմամներից մեկը: 

1961-ին զինծառայության ընթացքում ձերբակալվել է կրոնական քարոզ իրականացնելու համար, սակայն դատարանը նրան միայն կարգապահական պատժի է ենթարկել: Էրզրումում ապրած տարիներին մասնակցել է Կոմունիզմի դեմ պայքարի միության ստեղծմանը եւ ակտիվ անդամ հանդիսացել:  1964-ից կրկին շարունակել է տարբեր մզկիթներում հոգեւոր ծառայությունը: 1971-ի ռազմական հեղաշրջումից հետո ձերբակալվել է եւ 7 ամիս անցկացրել բանտում: Այնուհետ կրկին ընդմիջումներով շարունակել է հոգեւոր ծառայությունը, զուգահեռաբար կրոնական բնույթի հոդվածներ գրելով տարբեր թերթերի եւ ամսագրերի համար: 1996-ի ապրիլի 4-ին հանդիպել է Պոլսո հունաց պատրիարք Բարդողումեոսի հետ, 1998-ի հունվարի 23-ին՝ Հռոմի պապի հետ:

Թուրքիայում 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» ռազմական հեղաշրջումից հետո նրա դեմ հետաքննություն է սկսել՝ Թուրքիայի աշխարհիկ կարգերը խորտակելու եւ իսլամական պետություն ստեղծելու փորձ անող կողմնակիցներին աջակցելու համար:  Հետաքննությունից խուսափելով՝ Գյուլենը 1999-ի մարտի 21-ին մեկնել է ԱՄՆ եւ մինչեւ հիմա այնտեղ է: 2000 թվականին Գյուլենի նկատմամբ դատական գործ է բացվել, սակայն 2006-ին գործը կարճվել է ապացույցների բացակայության պատճառով: 2008-ին վճռաբեկը հաստատել էր դատարանի կայացրած վճիռը, սակայն Գյուլենը կրկին չի վերադարձել Թուրքիա:

Foreign Policy եւ Prospect ամսագրերի կողմից 2008-ին ընդգրկվել է աշխարհի 100 ինտելեկտուալների շարքը, իսկ ինտերնետով անցկացված քվեարկությամբ գլխավորել է այդ ցանկը: Time-ը 2013-ին նրան համարել է աշխարհի ամենաազդեցիկ 100 անձանցից մեկը: Հեղինակ է ավելի քան 50 անուն գրքերի, բազմաթիվ աշխատությունների եւ հոդվածների: Բացի թուրքերենից տիրապետում է պարսկերենին, արաբերենին եւ օսմաներենին:

Գյուլենի ստեղծած շարժումը կամ ինչպես ընդունված է ասել Թուրքիայում՝ Գյուլենի կրոնական համայնքը, Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս ունի դպրոցներ, համալսարանները, հիմնադրամներ, միություններ, լրատվամիջոցներ, հիվանդանոցներ, բիզնես կառույցներ եւ բանկեր:

Թեեւ Ֆեթհուլլահ Գյուլենին վերագրվում է արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի կրող եւ աշխարհում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնող անձ, նա դարձել է քաղաքական եւ տնտեսական հզոր ուժ եւ համարվում է, որ նա վտանգ է ներկայացնում Թուրքիայի աշխարհիկ կարգերին:

Գյուլենի շարժման անդամները կարեւոր պաշտոններ են զբաղեցնում Թուրքիայի գրեթե բոլոր գերատեսչություններում, որով պայմանավորված էր «մեծ կաշառք» գործողության միջոցով  Գյուլենի անակնկալ եւ հուժկու հարվածն Էրդողանին եւ նրա ղեկավարած կուսակցությանը

Անդրանիկ Իսպիրյան