Հայաստանի իշխանությունները, գիտակցելով իր անխուսափելի պարտությունը օրեցոր հզորացող եւ կազմակերպվող քաղաքացիական ուժերից, սկսում է կորցնել ինքնատիրապետումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավունք եւ Աջակցություն» հիմնադրամը, որի հիմնադիրներն են Կարո Եղնուկյանն ու Սուսաննա Սիմոնյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ուստի, քաղաքացիական ակտիվության ճնշման տակ հարկադրական զիջումներ կատարելուն զուգահեռաբար, իշխանությունը սաստկացնում է ոստիկանական բռնությունը՝ փորձելով հետ նվաճել կորցրած դիրքերը:
Նման պայմաններում առաջիկայում սպասվող քաղաքացիական ակտիվության աճը բերելու է բռնության եւ մարդու իրավունքների ոտնահարման նորանոր դեպքերի:
Այդ պատճառով ժողովրդական ընդվզումների ներկայիս գործընթացում ակտիվ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը դառնում է հույժ կարեւոր հարց:
Այս կարեւոր գործին հնարավորինս նպաստ բերելու համար ստեղծվել է «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է որակյալ իրավաբանական օգնության միջոցով պայքարող քաղաքացիների, քաղհալածանքների ենթարկվածների եւ քաղբանտարկյալների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության եւ դատարանների անօրինական գործողություններից, ինչպես նաեւ քաղբանտարկյալների եւ քաղհալածանքի ենթարկվածների ընտանիքներին նյութական եւ այլ աջակցություն ցուցաբերել:
Ուստի դիմում ենք մեր ազգի ու պետության ապագայով եւ պայքարող քաղաքացիների ճակատագրով մտահոգ բոլոր ՀՀ քաղաքացիներին, արտերկրում ապրող հայությանը, ինչպես նաեւ մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգող բոլոր մարդկանց կոչ ենք անում նյութապես եւ բարոյապես հնարավորինս աջակցել Հիմնադրամին՝ բռնության եւ ապօրինության զոհերին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործը կազմակերպելու հարցում»:
Հիմնադրամը դիմել է նաեւ ՀՀ Փաստաբանական պալատի փաստաբաններին, որում ասվում է.
«Հարգելի փաստաբաններ
Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում եղել եւ վերջին տարիներին էլ ավելի են շատացել իշխանության կողմից մեր քաղաքացիների, հատկապես՝ իրենց եւ հանրային իրավունքների պաշտպանության համար պայքարողների, նկատմամբ գործադրվող իրավական կամայականությունները, ճնշումները, խոշտանգումները եւ այլ անօրինական գործողությունները:
Այդ պատճառով անհրաժեշտ համարվեց ստեղծել «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է պաշտպանել քաղհալածանքների ենթարկված քաղաքացիներին, քաղբանտարկյալներին, ակտիվ կենսադիրքորոշում ունեցող ու ապօրինության դեմ պայքարող անձանց իրավունքներնի ու օրինական շահերի պաշտպանությունը՝ ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության եւ դատարանների անօրինական գործողություններից, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին նյութական, իրավական եւ այլ օգնություն ցուցաբերելը:
Դուք կարող եք ձեր մասնակցությունն ունենալ այս հանրօգուտ գործում՝ պաշտպանելով նշված քաղաքացիների իրավունքներն ու շահերը եւ նրանց տրամադրելով անհրաժեշտ իրավաբանական օգնություն: Իրավաբանական օգնությունն առավել արդյունավետ կերպով իրականացվելու նպատակով նախատեսվում է ստեղծել փաստաբանների արագ արձագանքման խումբ:
Ձեր մատուցած ծառայությունների համար վճարումը կկատարվի Հիմնադրամի միջոցներից: Վճարի փոխարեն կարելի է նաեւ ձեր ծառայությունները ամբողջովին կամ մասնակի տրամադրել որպես նվիրատվություն հիմնադրամին: Գործակցելու ցանկության դեպքում խնդրում ենք ձեր մասնակցության հնարավորության մասին տեղեկացնել հետադարց կապով»:





























