Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի գրասենյակից, մրցանակներ են շնորհվել Վիլյամ Շաբասին (Իռլանդիա)` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման եւ դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար եւ Սարգիս Շահինյանին (Շվեյցարիա)` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու եւ դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար:
Բացի այդ, մեկ այլ հրամանագրով Նախագահի մրցանակներ են ստացել նաեւ հետեւյալ անձիք.
Բնական գիտությունների զարգացման բնագավառում` Վարուժան Աթաբեկյանը` «Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր» գիտական հոդվածաշարի համար,
Տեխնիկական գիտությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում` Վազգեն Մելիքյանը` «Ցածր էներգասպառմամբ եւ բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» գիտական հոդվածաշարի համար,
Արվեստի բնագավառում` Գետիկ Բաղդասարյանը եւ Ջիմ Թորոսյանը` «Ներսես Աշտարակեցի» հուշարձանի համար,
Բժշկագիտության բնագավառում` Սմբատ Ջամալյանը` ՀՀ-ում առիթմոլոգիայի եւ էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար,
Ֆիզիկայի զարգացման բնագավառում` Ռադիկ Կոստանյանը, Էդվարդ Կոկանյանը, Գագիկ Դեմիրխանյանը եւ Վահան Բաբաջանյանը` «Ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ եւ ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծում եւ հետազոտում» գիտական հոդվածաշարի համար,
Գրականության բնագավառում` Վահագն Մուղնեցյանը` «Տաբու» վեպի համար.
Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ Պետրոսյանը` «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» գրքի համար:




























