Էստոնիայի պաշտպանության նախարար Ուրմաս Ռեյնսալուն ԱՄՆ կատարած այցի ժամանակ կողմ է արտահայտվել բալթիական տարածաշրջանում ԱՄՆ-ի մշտական ներկայությանը: «Ես շատ ուրախ կլինեի իմ հայրենիքում ԱՄՆ-ի մշտական ներկայության համար», - հայտարարել է նախարարը` ելույթ ունենալով Վաշինգտոնում: Ռեյնսալուն նաեւ հայտնել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերն ընդլայնելու անհրաժեշտության մասին: Ըստ նրա` ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ երկրները կրճատում են պաշտպանական ծախսերը. միավորման 28 երկրներից միայն չորս պետություն է տվյալ նպատակի համար ծախսում ներքին համախառն արտադրանքի 2%-ը: Ըստ նախարարի` Էստոնիան, որն այդ երկրների շարքում է, շարունակում է առաջ շարժվել այդ ուղղութամբ: Նախարարը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի հարեւանության կապակցությամբ՝ նշելով, որ ներկայումս Մերձբալթիկայում ռազմական գործողությունների հավանականությունը ցածր է: Նախարարը նշել է, որ ամերիկյան կործանիչներն այժմ մարտական հերթապահություն են իրականացնում Բալթիկ ծովում, եւ ափսոսանք է հայտնել, որ «2013թ. մարտին ամերիկյան վերջին տանկը լքել է Եվրոպան»: Ըստ նրա` այդ պայմաններում Տալլինը կարեւոր խնդիր է համարում «առաջիկա տասնամյակում 21 հազար մարդուց բաղկացած արագ արձագանքման զորքեր ստեղծելը»: Ռեյնսալուն Վաշինգտոն է ժամանել երեք օրով, այդ ընթացքում նա իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ կքննարկի պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության զարգացմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: