Սիրիան շահագրգռված է «Ժնեւ-2» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հարցում, Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ Զոուբին:
Նա միաժամանակ ընդգծել է, որ Սիրիայում գործող բոլոր զինված խմբավորումները ահաբեկչական են՝ անկախ նրանից, թե ինչ անվանում ունեն: Նրա խոսքով՝ այդ խմբավորումները «չափավոր» ցույց տալու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման եւ չեն կարող մոլորեցնել Սիրիայի ժողովրդին: Ազ Զոուբին վստահեցրել է, որ երկրի ներսում միջսիրիական երկխոսություն կկայանա՝ անկախ «Ժնեւ-2»-ի արդյունքներից, եւ եթե «ընդդիմությունն» ու նրան սատարողները խափանեն խորհրդաժողովը, ապա երկխոսությունը կանցկացվի Սիրիայում, փոխանցում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Նախարարը նշել է, որ «Ժնեւ-2»-ը պետք է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության մասին համաձայնագրի հանգեցնի, իսկ մնացած մանրուքները նվազ կարեւոր են: Տեղեկատվության նախարարը նշել է, որ սիրիական պատվիրակությունը խորհրդաժողովի է մեկնում պետության եւ ժողովրդի շահերին ծառայող արդյունքների հասնելու համար: «Մենք ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային կամ Թուրքիային թույլ չենք տա իրենց օրակարգը պարտադրել:
Մենք լավ հասկանում ենք, որ ապագայում Սիրիան կառավարության ընդլայնված կազմ կունենա, բայց այն անցումային չի լինի, ինչպես Իրաքում ամերիկյան ներխուժումից հետո եղավ», - ասել է նա՝ հավելելով, որ «Ժնեւ-2»-ի ցանկացած համաձայնագիր հանրաքվեի կդրվի եւ չհաստատվելու դեպքում չի իրագործվի:





























