«Ժառանգություն» կուսակցության անդամները հուսով են, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր չի դնի իր մանդատը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հույս ունեմ, որ Թեւան Պողոսյանը իր այդ որոշումը  կփոխի, որովհետեւ այնուամենայնիվ ինքը եւ հասարակության մոտ եւ կուսակցությունում դրական  աշխատանքով է գնահատվել: Կարծում եմ, որ նա իր այդ գործունեությունը պետք է շարունակի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ նշեց, որ այս պահին դեռ այդ հարցի շուրջ քննարկումներ չեն արել, քանի որ դեռ բավականին ժամանակ կա: «Ազգային Ժողովի փետրվարի նստաշրջանին նոր պետք է հայտարարվի այդ մասին: Ըստ օրենքի՝ պատգամավորին ժամանակ  է տրվում իր որոշումը վերջնական հաստատելու համար: Բացի այդ, ինչպես արդեն նշել էինք հերթական համարը, ոչ թե «ժառանգությունից» է, այլ Ազատ Դեմոկրատներից  Մասիսը Այվազյան, հետեւաբար այստեղ «Ժառանգություն» կուսակցությունը ոչինչ չի որոշելու, եթե, իհարկե, «Ազատ դեմոկրատները» այլ քայլ չիրականացնեն»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը հայտարարել էր, թե վայր է դնում պատգամավորական մանդատը: Պողոսյանն այդ մասին գրել էր Facebook-ի իր էջում:

«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,- նշել էր նա: