Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության  անդամ, Yeni Safak պարբերականի սյունակագիր Յասին Աքթայը հայտարարել է, թե ոչ մի սարսափելի բան չկա, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MIT) զենք է փոխադրում Սիրիա՝ հաստատելով օրեր առաջ Հաթայ նահանգում ժանդարմերիայի կողմից կանգնեցված բեռնատարում զենք լինելու փաստը։

Թուրքական CNNturk-ի «Չորս կողմ» հաղորդմանը մասնակցած Յասին Աքթայը հայտարարել է, թե MIT-ը կարող է մարդասիրական օգնության անվան տակ զենք ուղարկել Սիրիա եւ այդ բեռնատարը կանգնեցնելը սխալ է։  «Ինչ իրավունք ունի դատախազը խուզարկելու հրահանգ տալ MIT-ի հսկողությամբ շարժվող բեռնատարը։ Թուրքիան Սիրիայում ինչ էլ որ անում է, դրա իրավունքն ունի։ Սիրիայում MIT-ն էլ կա, MOSSAD-ն էլ կա, CIA-ն էլ կա։ Այսինքն, բոլորն էլ կան»,-ասել է իշխող կուսակցության անդամը։

Նշենք, որ օրեր առաջ Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում դեպի Սիրիա մարդասիրական բեռ տեղափոխող բեռնատարը կանգնեցվել է ժանդարմերիայի կողմից եւ փորձ արվել խուզարկել, ինչին միջամտել են MIT-ի աշխատակիցները՝ թույլ չտալով խւոզարկություն իրականացնել։ Նշվել էր, թե բեռնատարի մեջ մեծ քանակությամբ զենք կար։