Այսօր` ապրիլի 12-ին մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը, որը կազմակերպել է «Հայաստանի գրադարանային ասոցիացիան»: Այն անցկացվում է 9-րդ անգամ եւ տեւելու է մինչեւ ապրիլի 19-ը: Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կրում է «Հայացք գյուղի գրադարանին» խորագիրը:

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այս անգամվա միջոցառումը բացի գրքի ու ընթերցանության դերի բարձրացմանն ուղղված աշխատանքից, անդրադառնալու է նաեւ գյուղական գրադարնների անմխիթար վիճակին: Նրա խոսքով, գրադարանային շաբաթին հաջորդելու է մանկապատանեկան գրքի շաբաթը եւ այս իրադարձությունները համընկնում են Թարգմանչաց տոնի հետ:

Շաբաթի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ։ Կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, գրադարանային բազմաբնույթ միջոցառումներ։ Շաբաթվա շրջանակում նախատեսվում են միջոցառումներ նվիրված Րաֆֆու ծննդյան 175-ամյակին, Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին, Ցեղասպանության 95-ամյակին ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: