Թեւան Պողոսյանի կողմից պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում փոփոխություններ չեն լինի եւ մանդատ կստանա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Մասիս Այվազյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Մասիս Այվազյանը:
«Այդ մարդը (Թեւան Պողոսյանը-խմբ) իր որոշման մասին դեռ պետք է հայտարարի ԱԺ-ում: Ավելին` դրանից հետո 15 օր պետք է անցնի: Ժամկետը կլրանա բնականաբար ամեն ինչ պարզ կլինի: Բայց ցուցակային փոփոխություն մեզ մոտ չի լինի: Նա թող իր քայլը անի` մենք էլ մեր քայլը կանենք»,- ասաց Մասիս Այվազյանը:
Հարցին, թե Թեւան Պողոսյանի մանդատը վայր դնելու որոշման մասին ինքը տեղյա՞կ է եղել, թե իր համար էլ է անակնկալ եղել նրա հայտարարությունը, Այվազյանն ասաց. «Բնականաբար ես տեղյակ չեմ եղել»:
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը հայտարարել էր, թե վայր է դնում պատգամավորական մանդատը: Պողոսյանն այդ մասին գրել էր Facebook-ի իր էջում: «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,- նշել էր նա:
Իսկ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակում Թեւան Պողոսյանին հաջորդում է Մասիս Այվազյանը:





























