Շիրակի մարզի բնակիչ Գեւորգ Վ.-ն մեղադրվում է կնոջը ծեծելով տնից դուրս հանելու մեջ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից   NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ Գեւորգ Վ.-ն, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Լյուդմիլա Հ.-ի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ թեւից քաշելով դուրս է հանել տնից, ձեռքերով մի քանի անգամ հարվածել մարմնի տարբեր մասերին, ոլորել թեւերը եւ պատճառել աջ բազկի շրջանի արյունազեղման, աջ արմնկային հոդի շրջանի քերծվածքի եւ ձախ նախաբազկի շրջանի ճանկռվածքներ, որոնք առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը  100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: