Թուրքիայում ստեղծված իրավիճակը շարունակվելու է, քանի դեռ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն բավական վստահ չզգա եւ չունենա անհրաժեշտ քանակի կողմնակիցներ ուժային կառույցներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաեւսկին:
Նրա խոսքով՝ մի կողմից իշխող, չափավոր իսլամիստների «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն է, մյուս կողմից՝ Ֆետհուլլահ Գյուլենի մարդիկ նույնպես համարվում են չափավոր իսլամիստներ: «Գաղափարական տարբերությունը նրանց միջեւ մեծ չէ, այստեղ ավելի շատ խոսքն այն մասին, թե ով է ղեկավարելու երկիրը: Քանի որ Գյուլենի շարժումը կարողացել է 20 տարում իր կողմնակիցներին ներդնել փաստացի բոլոր կառույցներում, դա իհարկե չի բավարարում Էրդողանին, որովհետեւ լիարժեք իշխանություն նա չունի»,-ասել է Նադեին Ռաեւսկին՝ հավելելով, որ Էրդողանի եւ Գյուլենի միջեւ գոյություն ունեն նաեւ արտաքին քաղաքական տարաձայնություններ: Օրինակ, ըստ թուրքագետի, Գյուլենը դեմ է եղել «Մավի Մարմարա» գործողությանը, որը մարդասիրական բեռ էր տանում Պաղեստին:
Նշենք, որ Թուրքիայում շարունակվում է բարձրաստիճան ոստիկաններին աշխատանքից հեռացնելու գործընթացը, որն սկսվել է 2013-ի դեկտեմբերի 17-ին «Խոշոր կաշառք» սկանդալային գործողությունից հետո: Հուվարի 8-ի առավոտյան հայտնի է դարձել, որ երկրի նահանգներում հեռացվել են եւս 15 բարձրաստիճան ոստիկաններ:
Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























