Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով հունվարի 8-ին կայանալիք դատական նիստը հետաձգվել է կողմերի չներկայանալու պատճառով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Նիստը կկայանա հունվարի 10-ին, ժամը 16.00-ին։ Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կեսօրին ստացավ ՀՔԾ որոշումը, որտեղ Վարդան Պետրոսյանի ձերբակալման վերաբերյալ բացատրություն են տվել քննիչը եւ դատախազը, նրանք ասել են՝ որոշ փաստեր «թյուրմացաբար են գրել», սակայն իրենք խորը կասկածներ ունեն, որ դրանք ոչ թե թյուրիմացության արդյունք են, այլ դիտավորության։
«Պարզվել է, որ դատախազը, որը մերժել էր մեր բողոքը ձերբակալման որոշման վերաբերյալ՝ նշելով, որ քննիչը այցելել է բնակարան, տեսնելով որ Վարդան Պետրոսյանը տեղում չէ, դրա համար էլ ձերբակալել է, թյուրիմացաբար է նման բան գրել՝ չունենալով գործի նյութերը, որոշ փաստեր է ներկայացրել, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Մենք լուրջ կասկածներ ունենք, որ ոչ թե թյուրմացաբար է եղել, այլ եղել է դիտավորություն»,- ասաց դերասանի փաստաբանը։ Փաստաբանը շեշտեց, որ ՀՔԾ-ն ընդունել է, որ որոշակի խախտումներ են եղել, սակայն նշել է, որ դիտավորություն չի եղել, իսկ քննիչի եւ դատախազի դեմ գործ հարուցելու համար անհրաժեշտ էր դիտավորության հանգամանքը։
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այս առումով իրենք դեռ որոշակի ապացույցներ կստուգեն։ ՀՔԾ-ի որոշումը՝ գործով քննիչի եւ դատախազի դեմ գործ չհարուցելու վերաբերյալ, բողոքարկել են Գլխավոր դատախազին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:





























