Թե որքան արագ Իրանը միջուկային զնեք կստեղծի, դժվար է ասել, սակայն ի վերջ, ինչպես երեւում է, կստեղծի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամիչիխինը:

Նրա խոսքով՝ Իրանը միջուկային զենք կստեղծի, եթե չստորագրվի ինչ-որ հիմնարար համաձայնություն, որը նրան այլ առավելություններ կտա: «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնությունը դեռ շատ քիչ բան է փոխում, քանի որ այդ համաձայնության շրջանակներում սահմանված միջոցառումները ենթակա են փոփոխության: Այսինքն հարցն այն մասին է, արդյոք կստորագրվեն ավելի հիմնարար համաձայնագրեր, քան ներկայում են ստորագրվել»,- պարզաբանել է Խրամիչիխինը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի  նոյեմբերի 24-ին Իրանի ներկայացուցիչների եւ միջազգային միջնորդների(Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան ու Գերմանիա) միջեւ հանդիպման ընթացքում համաձայնություն կայացավ Իրանի միջուկային ծրագրի վերահսկման միջոցների վերաբերյալ՝ ակնկալելով լիարժեք համաձայնություն: Մասնավորապես,  Իրանը պարտավորվեց դադարել 5 տոկոսից ավել ուրանի հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի եւ ցենտրիֆուգերի արտադրությունը, թույլ տալ ԱԷՄԳ տեսուչներին մուտք ունենալ միջուկային օբյեկտներին: