ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ կառավարական ուժերի կողմից Հալեպ քաղաքի ռմբակոծումը դատապարտող նոր բանաձեւի ընդունումը կասեցվել է Ռուսաստանի կողմից: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: 

Ըստ գործակալության դիվանագիտական աղբյուրների` ՌԴ-ի պատվիրակությունը պահանջել է բանաձեւում փոփոխություններ կատարել, որոնք «փաստորեն իսպառ բացառում էին Հալեպում կատարվածի մասին որեւէ հիշատակումը»:

Արդյունքում ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին այդպես էլ չէր հաջողվել համաձայնեցնել փաստաթղթի բովանդակությունը: ՄԱԿ-ում ռուսական պատվիրակությունը դեռ չի մեկնաբանում տվյալ հաղորդագրությունը:

Նշենք, որ Հալեպ քաղաքի ռմբակոծումը դատապարտող բանաձեւի ընդունումը Մոսկվան կասեցնում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Այդ փաստաթղթի նախորդ տարբերակը Ռուսաստանը մերժել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի դեկտեմբերի 19-ի նիստում: