Սպանության գործում ոստիկանների գործողությունները Լոնդոնի դատարանի կողմից օրինական ճանաչվելուց հետո տեղի ոստիկանությունը բարձր պատրաստականության վիճակի  է բերվել. այն նույնիսկ պատրաստվում են համալրել ջրցան մեքենաներով` զանգվածային ցույցերը ցրելու համար:

Նախազգուշական այդ միջոցները ձեռնարկվել են մտավախությունից, որ արդարացնող դատավճիռը կարող է 2011թ. օգոստոսի զանգվածային խռտովություների կրկնության պատճառ դառնալ:

2011թ. օգոստոսի 4-ին Լոնդոնի հյուսիսային Տոտենհեմ թաղամասում, որի բնակչության մեծամասնությունը ներգաղթյալները եւ նրանց սերունդներն են, ոստիկանության կողմից ձերբակալության փորձի ժամանակ սպանվել էր 29-ամյա Մարկ Դագգանը` սեւամորթի եւ սպիտակ բրիտանուհու որդին: Ըստ ոստիկանության` տղան թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախմբի անդամ էր:

Թաղամասի շատ բնակիչներ սպանությունն ընկալել էին որպես ոստիկանական ամենաթողության, ռասիզմի դրսեւորում եւ բողոքի ցույցեր կազմակերպել, որոնք շարունակվել էին մեկ շաբաթ եւ տարածվել ողջ Լոնդոնով, Մանչեստրով, Բիրմինգհեմով, Բրիստոլով եւ այլ քաղաքներով: Խռովություններին հիմնականում մասնակցում է  գործազուրկ երիտասարդությունը` ներգաղթած ընտանիքներից: 

Մարկ Դագանի հարազատները դժգոհությամբ են ընդունել ոստիկանների օգտին կայացված դատավճիռը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: