«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար, արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի առողջական վիճակը այնքան էլ լավ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը:

«Արդեն բավականին հյուծված էր, նիհարած, արյան ճնշումը շատ ցածր, վստահեցնում են, որ բժիշկները հսկում են, գտնվում է  առանձին խցում, առայժմ շարունակում է հացադուլը, հորդորեցի դադարեցնել, բայց դեռ չի համաձայնել»,- ասաց փաստաբանը: Ինեսա Պետրոսյանի տեղեկություններով՝ հացադուլը շարունակում են նաւե դեկտեմբերի 28-ից Շանթ Հարությունյանին միացած նրա երկու ընկերները:

Ինչ վերաբերում է «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավարի դատահոգեբուժական փորձաքննությանը, ապա դրա եզրակացությանը առայժմ իրենց չեն ծանոթացրել: Նա նաեւ տեղեկացրեց, որ երեկ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել՝ կապված Շանթ Հարությունյանի խափանման միջոցը կալանքը երկարացնելու հետ:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ բերման ենթարկվածներից 18-ին ներգրավվել էին որպես վկա եւ ազատել էին, իսկ 20-ը ձերբակալվել էր՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման: