Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում, հունվարի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մեքենայի մեջ դիակ հայտնաբերվելու գործով կա ձերբակալված: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ գործի շրջանակներում գիշերը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել սպանվածի մանկության ընկերը՝ 36-ամյա Արամ Ս.-ն:
Ինչ վերաբերում է մահացածին՝ 36-ամյա Մհեր Գրիգորյանին, ապա նա նախկինում զինվորական է եղել, այժմ զբաղվում է բիզնեսով, Վանաձորում հացի փուռ, դեղատուն եւ խորտկարան ուներ: Նա ամուսնացած էր եւ ուներ երեք երեխա:
Իսկ թե ինչն է եղել սպանության պատճառը, կներկայացնենք ավելի ուշ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կլիոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել է «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին` 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը` կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:





























