Հայաստանի օմբուդսմենի զեկույցում, որտեղ խոսվում է դատավորների կողմից կաշառքներ վերցնելու մասին, փաստեր չկան: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՄԻ պաշտպանի՝ «Արդար դատաքննության իրավունքի մասին» զեկույցին: Զեկույցը հրապարակվել էր նախորդ տարվա դեկտեմբերին, որտեղ օմբուդսմենը դատավորների կողմից կաշառք վերցնելու չափերի մասին տվյալներ էր ներկայացրել:
«Ցանկացած երեւույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր. երեւույթը չի լինում եթերային, հիմնված է լինում որեւէ փաստի վրա: Փաստերի ներկայացման մասին է խոսքը, որ այդ փաստերին պետք է գնահատական տրվի, առավել եւս, որ քրեական գործ է հարուցվում փաստի առթիվ, ոչ թե երեւույթի կապակցությամբ:
Լրագրողների հիշեցմանը, որ մամուլում հնչել են դատավորների անուններ, որոնք ներգրավված են կոռուպցիայի մեջ, Գեւորգ Կոստանյանն արձագանքել է. «Ինչ վերաբերում է մամուլում ներկայացված այդ անուններին, ապա յուրաքանչյուր այդ դեպքի կապակցությամբ, որի մասին մամուլում կամ կոնկրետ փաստաբանների կողմից հայտարարություններ են եղել՝ դրանց վերաբերյալ մենք մանրամասն հաղորդագրություն ներկայացրեցինք եւ յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած տվյալի կապակցությամբ վերլուծություններ ներկայացրեցինք: Առավել եւս՝ ես կարծում եմ՝ բոլորդ հնարավորություն ունեցել եք նաեւ գնահատելու, որ որեւէ փաստաբան կամ որեւէ հայտարարություն չի եղել, որ տեղի է ունեցել կաշառքի փաստ կամ կոռուպցիոն այլ դրսեւորման փաստ:
Փաստաբանը ներկայացնելով իր դիրքորոշումը հարցի հետ կապված, ընդամենը նշվում է հետեւյալը՝ քանի որ իմ կարծիքով որոշումն ապօրինի է, հետեւաբար քննիչը եւ դատախազը կամ կաշառք են վերցրել, կամ անգրագետ են, կամ վերեւից հանձնարարական են ստացել: Այսինքն՝ այդ հանգամանքների հետ կապված որեւէ փաստ այնուամենայնիվ չեն ներկայացրել»,-ասել է նա:





























